«Ապաֆունկցիոնալ տարածքների ապամոնտաժում» լուսանկարչական –հետազոտական նախագիծ
Ժանր` քաղաքային բնանկար, էքստերիեր, ինտերիեր
Նախագծի նպատակ և կառուցվածք
Քաղաքը անընդհատ փոփոխվող մի օրգանիզմ է, որը ենթարկվում է սոցիալ-քաղաքական , մշակութային և տնտեսական ներգործությունների: Քաղաքական ռեժիմները կամ տնտեսական քաղաքականությունները փոխում են քաղաքի ճարտարապետությունն ու բովանդակությունը` թելադրելով մշակութային նոր տենդենցներ և մարդկային փոխհարաբերություններ: Պոստսովետական Հայաստանում ստեղծված քաղաքական ու տնտեսական իրավիճակը ձևափոխեց քաղաքային բնանկարի բովանդակությունը: Որոշակի քաղաքային էլեմենտներ, որոնք դեռևս ֆիզիկական միջավայր են` սական ապաֆունկցիոնալ, վերաձևակերպում են նաև իրենց հարակից միջավայրը՝ ենթարկելով դրանք կառուցվածքային փոփոխությունների:: Օրինակ`չգործող կաթսայատունը իր շուրջը ստեղծում է թափոնների կույտ` վերաիմաստավորելով երբեմնի միջավայրի գործառույթը: Իրենց երբեմնի գործառույթը կորցրած օբյեկտները ստեղծում են նոր միջավայր և նոր հանրություն: «Ապաֆունկցիոնալ տարածքների ապամոնտաժում» լուսանկարչական –հետազոտական նախագծի շրջանակներում տեղի է ունենում վիրտուալ ապամոնտաժում՝ տեղափոխում քաղաքային ֆոնի բովանդակությունը լուսանկարչական խցիկի մատրիցային: Այս նախագծի շրջանակներում «ապամոնտաժել» ենք՝ Երևանի ճոպանուղին, նախկին թելի գործարանը, Նոր Նորքի ավտոսպասարկման կենտրոնը, Բ4 թաղամասի կաթսայատունը, Զվարթնոցի նախկին մանկական այգին, Արագիլ ռեստորանը, մասնավոր ու պետական այլ ապաֆունկցիոնալ տարածքներ: