Դասավանդողի մեդիա պորտալ /դասավանդողի կողմից ստեղծված տեղեկատվական, հետազոտական մեդիա հարթակ/
Դասավանդողի մեդիա պորտալը կարող է հանդիսանալ տեղեկատվություն արտադրող և տարածող, դասավանդողի կողմից արված տարբեր հետազոտություններ, դիտարկումներ ներկայացնող մեդիա հարթակ: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրն ունի ուսուցչական մեծ պոտենցիալ. աշխատակազմում կան լրագրողներ, լուսանկարիչներ, սոցիոլոգներ, արվեստագետներ, հասարակագետներ, պատմաբաններ և այլ մասնագիտական հմտություններ և կարողություններ ունեցող դասավանդողներ: Այս նախագիծը կարող է հանդիսանալ ազատ հարթակ, որտեղ, միավորելով բոլորիս ներուժը, կարող ենք անդրադառնալ մեզ մտահոգող խնդիրներին և թեմաներին, բարձրաձայնել դրանք, վերլուծել, առաջարկել լսարանին և այլն: Բացի կրթահամալիրի դասավանդողից «Դասավանդողի» մեդիա պորտալը պարբերաբար կունենա նաև հյուրեր, որոնց տրամադրած նյութերը նույնպես տեղ կգտնեն այս բլոգում: Դասական իմաստով սա կարող է լինել ուսուցչական մեդիա հարթակ, որը ենթադրում է հասարակության կարևոր ներկայացուցչի՝ դասավանդողի, արձագանքը հասարակական, սոցիալ- մշակութային, տնտեսա-քաղաքական տարբեր երևույթներին: «Սեբաստիա» մեդիա պորտալը կունենա կոնկրետ աշխատանքային թիմ, որպեսզի հնարավոր լինի ապահովել այս հարթակի ամենօրյա աշխատանքը, նյութերի թարմացումը, սպասարկումը և այլն : Աշխատանքային խմբում ընդգրկված կլինեն և՛ դասավանդողներ, և՛ սովորողներ: Սովորողը, կիրառելով իր մասնագիտական հմտությունները՝ լուսանկարել, տեսագրել, մոնտաժել, սպասարկել բլոգը, կարող է լիարժեք ներգրավված լինել աշխատանքներին: Այս հարթակի տեղեկատվական արտադրանքը լինելու է բազմամեդիա` իրադարձային և ոչ իրադարձային ռեպորտաժ, տեքստ, ֆոտոռեպորտաժ, ֆոտոպատում, մուլտիմեդիա, հաղորդում, հարցազրույց և այլն:
«Դասավանդողի մեդիա պորտալի» բաժինները՝
- Զրույց /Talk/: Այս բաժինը նախատեսված է զրույցի համար: Դասավանդողները, հրավիրյալ հյուրերը կզրուցեն տարբեր առաջարկվող, ինքնաառաջարկվող թեմաների շուրջ, որոնք արդի են, անհանգստացնող և այլն: Հիմնականում բանախոսները կրթահամալիրի դասավանդողներն են լինելու:
- Պատկեր-պատում: Այս բաժինը նախատեսված է ֆոտոպատմությունների, ֆոտոռեպորտաժների, մուլտիմեդիայի և ընդհանրապես ամեն տեսակի պատկերային ձևաչափում ներկայացվող ինֆորմացիայի համար. Պատկեր-պատումները կարող են ուղեկցվել նաև տեքստերով:
- Պահոց: Այս բաժինը նախատեսված է դասավանդողի կողմից կարևոր տեղեկատվական, կրթական և այլ գործառույթ իրականացնող նյութերի, նախագծերի համար:
«Դասավանդողի մեդիա պորտալի» նպատակները: Այս մեդիա հարթակը հնարավորություն կտա կրթահամալիրի աշխատակիցներին, նրանց գործընկերներին ինքնադրսևորվելու, արտահայտվելու տարբեր հարցերի և խնդիրների շուրջ, որոնք ոչ միշտ են միայն կրթահամալիրի շրջանակներում լսելի դառնում կամ հանրային պատշաճ արձագանք ստանում: Այս նախագիծը կարող է բարձրախոս դառնալ շատ ու շատ դասավանդողների համար՝ հանդիսանալով տարածք, բարձրաձայնելու իրենց մտահոգող տարատեսակ խնդիրները:
Հիմնական գործառույթները՝
- Համակարգում. Դասավանդողի կողմից ստեղծված արժեքավոր նյութերի, որոնք ունեն տեղեկատվական, կրթական և այլն գործառույթներ, հրապարակվել և չեն հրապարակվել դասավանդողի անհատական բլոգում մեկտեղել մեկ ընդհանուր «պահոցում»:
- Այլընտրանքային տարածք խոսելու, ինքնադրսևորվելու, ինքնակազմակերպվելու, ներկայանալու
- Համագործակցություն: Այս մեդիա պորտալի առկայությունը ևս մեկ անգամ հնարավորություն կընձեռնի ստեղծագործող ու հետազոտող ուսուցիչներին միավորելու իրենց ներուժը՝ ստեղծելով տարբեր նախագծեր:
Աշխատակարգ: Այս մեդիա հարթակը կարող է գործել որպես ենթակայք կամ առանձին բլոգ: «Սեբաստիա» մեդիա պորտալի նյութերը կարող են տարածվել mskh կայքի և նաև սոցիալական կայքերի միջոցով: Այս բլոգում կամ ենթակայքում թարմացումներ կլինեն տարբեր բաժիններում տարբեր պարբերականությամբ: «Զրույց»-ի բաժնում նյութ կտեղադրվի շաբաթական երկու անգամ, «Պատկեր-պատում» բաժնում՝ 2-3 անգամ /սա կախված կլինի նաև դասավանդողի արձագանքից/: «Պահոց»-ի թարմացումները՝ 2 կամ ավել անգամ:
Նախագծի պատասխանատուներ՝ Մարինե Մկրտչյան, Սուսան Ամուջանյան, Էրիկ Բաբաջանյան /յուրաքանչյուրը կարող է առաջադրել իր թեկնածությունը, եթե հետաքրքրված է այս նախագծով/: