Բռնության ենթարկվելով՝  հավերժ ապրել /հոդված լուսանկարչության մասին/

 

Ֆրանսիացի տեսաբան Բազենը ժամանակին  հետաքրքիր բնորոշում է տվել լուսանկարչությանը՝ անվանելով այն մումիայի բարդույթ: Ինչպես եգիպտական փարավոններին էին մումիֆիկացնում՝ հավերժության մեջ կամ հաջորդ կյանքում մարմնի ձևը պահելու համար, այնպես էլ լուսանկարչությունը մումիֆիկացնում է պատկերները՝ մարմին, բնանկար և այլն, պահելու դրանք հավերժության մեջ կամ հավերժության համար: 19-րդ դարում ստեղծված առեղծվածային գործիքի՝ լուսանկարչական ապարատի, շնորհիվ հնարավոր դարձավ ապրել հավերժ կամ չլինել  մահկանացու:  Սա լուսանկարի առաջին առաքելությունն էր, նվերը մարդուն, սակայն այս գաղափարը տասնամյակների ընթացքում ձևափոխվեց, և այսօր լուսանկարը նաև այլ խնդիրներ է լուծում: Ենթադրենք ես լուսանկարչության հանրահայտ տեսաբան եմ, մի նոր Բազեն և առաջարկում եմ լուսանկարչության ժամանակակից սահմանում՝ հաշվի առնելով ժամանակագրությունն ու նոր  միտումները: Ուրեմն այսպես՝ լուսանկարչությունը մի երևույթ է, որի բացակայության դեպքում կասկածի տակ է դրվում մարդու գոյությունը:  Ժամանակակից աշխարհում որևէ կարևոր իրադարձություն տեղի չի ունենում առանց լուսանկարչի ներկայության. տարեդարձ, հարսանեկան միջոցառում, կորպորատիվ միջոցառում, մկրտություն, ավարտական երեկույթ և այլն: Ես վստահ եմ՝ այդ միջոցառումները տեղի կունենան միայն այն ժամանակ, երբ լուսանկարիչը սեղմի լուսանկարահանման սեղմակը, հակառակ դեպքում դրանք արժեզրկվում են՝ չունենալով որևէ փաստ իրենց գոյության մասին: Լուսանկարիչ ասելով ես ի նկատի ունեմ յուրաքանչյուր մարդու, ով որևէ լուսանկարող սարքով դոկումենտացնում է ինչ-որ բան: Բարեբախտաբար տեխնոլոգիական առաջընթացը հնարավորություն տվեց բոլորիս դառնալ լուսանկարիչներ: Հետաքրքիր է սոցիալական մեդիայի ազդեցությունը լուսանկարչության վրա: Այստեղ լուսանկարող սարքը դառնում է միջնորդ մարդու կյանքի և հասարակության միջև: Եթե դու հասարակությանը ցույց չես տալիս երեխայիդ լուսանկարը, ուրեմն դու երեխա չունես, եթե դու ամբողջ ամառ հանգստացել ես Կարիբյան կղզիներում և ոչ մի լուսանկար չես առաջարկել հասարակության ունկընդրմանը, ուրեմն դու չես եղել Կարիբյան կղզիներում: Սոցիալական մեդիան, որը ես նույնացնում եմ ժամանակակից հասարակության հետ, ընկալում է մեզ մեր լուսանկարների միջոցով՝ հատվածային, պատառիկներով: Մենք այստեղ ազատ ենք  նաև պատրանքներ ստեղծել լուսանկարի միջոցով: Սոցիալական մեդիան մեծ քանակությամբ լուսանկարներ է արտադրում և միաժամանակ սպառում, դրանք մարդկային կյանքի դրվագների կամ որոշ դեպքերում տեսողական մանիպուլյացիաների մեծ չափաբաժիններ են:
Ես մի ուրիշ սահմանում էլ կուզենայի տայի լուսանկարչությանը, ուրեմն այսպես՝ լուսանկարչությունը պերմանենտ բռնություն է, որին ենթարկվում է երկրագնդի բնակչության զգալի  մասը: Մեզ անընդհատ նկարում են տարբեր միջոցառումների ժամանակ, սուպերմարկետում գնումներ անելուց, փողոցում քայլելուց, ոմանց նաև աշխատավայրում, ծննդյան մոմեր փչելուց, երեխային ծննդատնից տուն բերելուց և այլն և այլն: Կան մարդիկ, որոնք սիրում են լուսանկարվել, բայց կան նաև մարդիկ, որոնք չեն սիրում նկարվել՝ տարբեր պատճառներով: Սակայն այս երկու խումբն էլ ենթարկվում է բռնության, երբ հայտնվում է լուսանկարիչը: Իմ մասնագիտական պրակտիկայի ընթացքում ես տեսել եմ մարդկանց, որոնք անշարժացել են նույն դիրքում, երբ մոտեցել եմ իմ խցիկով նրանց՝ հավանաբար ընդունելով այն կեցվածքը, որը բազմիցս  փորձարկված է նրանց կողմից և հաջողված այլ լուսանկարներում: Ես տեսել եմ  մարդկանց, որոնց իմ ներկայությունը ստիպել է  խաղալ՝ կիրառելով հատուկ դիմախաղ ու շարժումներ: Ես տեսել եմ  ջղայնացած մարդկանց, որոնք կենսուրախ են դարձել կամ հակառակը: Ես տեսել եմ իմ կոպիտ միջամտությունը  մարդկանց կյանքում և որակավորում եմ դա որպես բռնություն. երբ հայտնվում է լուսանկարիչը մարդիկ դադարում են ապրել, սկսում են ներկայանալ՝  ուրիշներին, հաջորդ սերունդներին, ապագային, հավերժությանը: Եթե ես Բազենի պես մեկը լինեի, երևի պնդեի, որ լուսանկարչությունը բռնության ենթարկվելով հավերժ ապրելն է:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s