Հունվարյան նախագծի բովանդակային հիմք է հանդիսանում «Լուսանկարչության տեսության ազդեցությունը արդի լուսանկարչության վրա» նախագծի աշխատանքային նյութերից մեկը՝ Ռոդչենկոյի «Նախազգուշացում» տեքստը, որը հարցադրումներ է անում լուսանկարչության մեջ ինչի և ինչպեսի՝ որպես իրարամերժ կատեգորիաներ, իրար հետ մեկտեղելը: Ռոդչենկոյի տեքստին կարող եք ծանոթանալ ստորև: Նախագծի արդյունքները կհրապարակվեն ճամբարի ավարտին խմբային ցուցահանդեսի տեսքով: Նախագծի մասնակիցներ՝ Քոլեջի լուսանկարիչների խումբ:
Նախազգուշացում
Ալեքսանդր Ռոդչենկո (1891-1956)
Կարծելով, որ լուսանկարում ամենագլխավորը «ինչ», եւ ոչ թե «ինչպես» նկարելն է՝ ԼԵՖ-ի որոշ ընկերներ նախազգուշացնում են հաստոցացման (станковизация), փորձարարության, լուսանկարային ֆորմալիզմի մասին եւ դրանով իսկ հակվում են դեպի ասկետիզմի գեղագիտություն եւ քաղքենիություն:
Պետք է ընկերներին ցույց տալ, որ փաստի ֆետիշացումը լուսանկարչությանը ոչ միայն անհրաժեշտ չէ, այլեւ՝ վնասակար է:
Մենք կռվում ենք հաստոցային կենդանագրության (живопись) հետ ոչ այն պատճառով, որ այն գեղագիտական է, այլ որովհետեւ այն ժամանակակից չէ, անզոր է տեխնիկապես պատկերել, ծանրաշարժ է, եզակի եւ չի կարող սպասարկել զանգվածներին:
Մենք, փաստորեն, նույնիսկ կենդանագրության հետ չենք կռվում (այն առանց դրա էլ մահանում է), այլ՝ «ընդ կենդանագրություն», «ըստ կենդանագրության» «ընդ օֆորտ» «ընդ փորագրանկար», «ընդ գծանկար», «ընդ սեպիա», «ընդ ջրանկար» լուսանկարչության հետ:
Ընդհանրապես անիմաստ է կռվել «ինչ» պատկերելու համար, այդ մասին պետք է պարզապես նշել: Եւ այժմ բոլորն են դրանով զբաղվում:
Վատ ու հենց այնպես նկարած փաստը լուսանկարում չի հանդիսանում մշակութային աշխատանք ու մշակութային արժեք:
Որեւէ հեղափոխություն չկա նրանում, որ աշխատավոր առաջնորդներին (գեներալի դիմանկարի փոխարեն) սկսել են նկարել հին ռեժիմի կամ գեղարվեստական Արեւմուտքի ազդեցության տակ գտնվող նույն լուսանկարային մոտեցմամբ:
Լուսանկարչության մեջ հեղափոխությունը այն նկարված փաստն է, որն իր որակով («ինչպես է նկարված»), իր լուսանկարային ողջ յուրահատկությամբ ներգործում է այնքան ուժեղ եւ անսպասելի, որ ի զորու է ոչ միայն մրցել կենդանագրության հետ, այլեւ ամեն մեկին կարող է ցույց տալ ժամանակակից մարդկության գիտության, տեխնիկայի եւ կենցաղի մեջ աշխարհը բացահայտելու նոր կատարյալ ճանապարհ:
ԼԵՖԸ , որպես կոմունիստական մշակույթի ավանգարդ, պարտավոր է ցույց տալ ինչպես եւ ինչ է պետք նկարել:
Թե ինչ նկարել՝ գիտի ցանկացած ֆոտոխմբակ, բայց քչերը գիտեն ինչպես նկարել:
Աշխատավորին՝ քրիստոսի կամ լորդի նման, եւ աշխատավորուհուն՝ աստվածամոր նման լուսանկարելն ասում է, թե ինչն է ավելի լավ ու ավելի կարեւոր:
Պարզ ասած՝ մենք պարտավոր ենք գտնել, փնտրում ենք եւ կգտնենք նոր (մի վախեցեք) գեղագիտություն, վերելք ու պաթոս՝ մեր նոր սոցիալիստական փաստերի արտահայտության համար:
Մեր համար նորակառույց գործարանի նկարը շենքի պատահական նկար չէ, նկարում՝ գործարանը պատահական փաստ չէ, այլ՝ Խորհուրդների երկրի արդյունաբերականացման հպարտության եւ ուրախության փաստ, եւ պետք է գտնե՛լ, թե «ինչպես նկարել» դա:
Մենք պարտավոր ենք փորձառել:
Փաստերը հենց այնպես նկարել կամ նկարագրելը նոր բան չէ, բայց հենց դա է ցավը, որ պարզապես նկարված փաստը կարող է թաքցնել (покрыть) կենդանագրություն, իսկ պարզապես նկարագրված փաստը՝ վեպ:
Եւ դո՛ւք, փաստի երկրպագուներ, դուք էլ հենց այնպես չեք գրում դրանք:
Այլապես, ընկերներ, դուք շուտով կկորցնեք, թե որտեղ են աջ եւ ձախ կողմերը:
ԼԵՖականը նա չէ, ով փաստեր է նկարում, այլ նա, ով կարող է լուսանկարով կռվել «ընդ արվեստ» բարձրորակ նմուշների դեմ, իսկ դրա համար անհրաժեշտ է փորձարարություն, ընդհուպ մինչեւ լուսանկարչական արհեստի հաստոցականացում:
Ի՞նչ է հաստոցային լուսանկարը: Նման եզրույթներ չկան, բայց կարող ենք ենթադրել, որ խոսքը փորձարարական լուսանկարի մասին է:
Մի՛ սովորեք տեսականորեն՝ առանց խորհրդակցելու փորձառություն անցնողների հետ, եւ մի՛ եղեք թշնամիներից վատ ընկերներ:
Մեծագույն վտանգ- վերացական տեսություններ փորձառություն անցնողների համար՝ հորինված հանուն ասկետիզմի գեղագիտության:
Նյութը՝ ֆոտոբիո ամսագրից:
Журнал «Новый Леф» № 11, 1928 год