կինո-ֆոտո ընտրությամբ գործունեության ուսումնական ծրագիր
Բովանդակություն և նպատակ
Թվային նկարահանող միջոցները` հեռախոսից մինչև լուսանկարչական ապարատ, կազմում են մեր կյանքի անբաժան մասը` ոչ մի կարևոր իրադարձություն չթողնելով առանց <<պաթոսային>> վավերագրման: Նույնիսկ կարելի է պնդել այն միտքը, որ իրադարձություններն են տեղի ունենում հանուն վավերագրման: Այդ իսկ պատճառով կարելի է եզրակացնել, որ վավերագրող է հանդիսանում յուրաքանչյուր մարդ, ում մոտ կա իրականությունը վավերագրող որևէ սարք: 21-րդ դարում լուսանկարչությունը որպես գիտություն կամ արվեստ վերաձևակերպման և վերաիմաստավորման խնդիրներ է առաջ քաշում` երբեմն անտեսելով նկարահանման տեխնիկական մասի պրոֆեսիոնալիզմը:
Այս ուսումնական ծրագրի նպատակներն են` լուսանկարչական տեխնիկայի ուսումնասիրությունը, ստեղծագործական որակների ձեռք բերումը, պատկերը` որպես ինֆորմացիա ըմբռնումը և վերծանումը, ձեռք բերված տեխնիկական հմտությունների կիրառումը անհատական կամ խմբային թեմատիկ նախագծերում: Ծրագրային մոդուլներն են`
1.Լուսանկարչական տեխնիկայի ուսումնասիրություն լուսանկարչական նախագծերի շրջանակներում
2.Լուսանկարահանում
3.Լուսանկարչական պրակտիկաների ուսումնասիրում /հարմարեցված տարիքային տվյալ խմբին/
Ուսումնական պարապմունքների կազմակերպման մեթոդական նկարագրություն
Ուսումնական հանդիպումները բախկացած են երկու էտապներից՝ լուսանկարչական նյութերի և նկարահանված նյութերի դիտում-քննարկում ուսումնական կաբինետում և արտադասարանային պարապմունքներից /նկարահանումներ/, որոնք տեղի են ունենում հիմնականում դպրոցի հարակից տարածքներում: